Ձյուդոյի մեծահասակների հավաքականի առաջատար մարզիկ Ֆերդինանդ Կարապետյանը և հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանն արդեն Տոկիոյում են։ Նրանք վերջին մարզումներն են անցկացնում Կոդոկան ձյուդոյի միջազգային ինստիտուտում։ 73 կգ քաշային կարգում հանդես եկող Ֆերդինանդ Կարապետյանը կմրցի հուլիսի 26-ին։
Տոկիո-2020-ի բացման պաշտոնական արարողությունը հուլիսի 23-ին է։ Ձյուդոյի մրցումներն օլիմպիական խաղերում ավանդաբար սկսվում են բացման պաշտոնական արարողության հաջորդ օրը։
Հուլիսի 24-31-ը 5 մայրցամաքների 128 երկրների 393 ձյուդոիստներ կմասնակցեն օլիմպիական խաղերին։ Ձյուդոյի մրցումները կանցկացվեն Տոկիոյի կենտրոնում գտնվող հանրահայտ Նիպպոն Բուդոկան կամ պարզապես Բուդոկան մարզասրահում։
Այս մարզասրահը կառուցվել է 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցումների համար, երբ ձյուդոն առաջին անգամ դարձավ օլիմպիական մարզաձև։