Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մոտ օրերս կարող է պաշտոնապես դառնալ արգենտինական «Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստ։ Արգենտինական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Բալեկյանի ներկայիս ակումբի՝ «Ատլետիկո Ուրականի» և «Բոկա Խունիորսի» միջև բանակցություններն ավարտվել են։
Սպասվում է, որ երկուշաբթի՝ հունիսի 14-ին, Բալեկյանը բուժզննում կանցնի , իսկ մոտ ժամանակներս արդեն պայմանագիր կկնքի արգենտինական հեղինակավոր ակումբի հետ։
Իսպանական Marca-ն էլ որոշ մանրամասներ է հայտնում սպասվելիք պայմանագրի պայմաններից։ Նշվում է, որ Բալեկյանը մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի «Բոկա Խունիորսի» հետ, իսկ արգենտինական ակումբը 3,5 մլն եվրո կվճարի Բրիասկոյի իրավունքների 80%-ի համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բոկա Խունիորսը» 2,2 մլն դոլար էր առաջարկել ֆուտբոլիստի իրավունքների 50 տոկոսի համար, սակայն անգլիական «Նորվիչը» պատրաստ էր 4 մլն եվրո վճարել Բրիասկոյի իրավունքների 100 տոկոսի համար, ինչը «Բոկա Խունիորսին» ստիպել է բարելավել իր առաջարկը՝ չցանկանալով պարտվել ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում։