Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսին ու հայտնել, որ Խորվաթիաի հավաքականի հետ վաղը կայանալիք խաղին, ամենայն հավանականությամբ, ինքը պատրաստ չի լինի։
ՀՖՖ-ի պաշտոնական կայքըն ավելի վաղ հայտնել էր, որ Վարազդատ Հարոյանն «Աստանայի» կազմում ստացած վնասվածքի պատճառով բաց է թողել հավաքականի երեկվա մարզումը ու նրա մասնակցությունը Խորվաթիայի դեմ հանդիպմանը հարցականի տակ է։
«Աստանայի» վերջին խաղին վնասվածք ստացա ու չկարողացա ավարտին հասցնել այդ խաղը։ Եկա հավաքական, մեր ֆիզիոթերապևտ Պաբլոն ստուգեց, ու կարծում եմ վնասվածքս այդքան էլ լուրջ չէ։ Այսօր կփորձեմ որոշ վարժություններ անել, բայց կարծում եմ վաղվա խաղին պատրաստ չեմ լինի»,- ասել է Հարոյանը։
Խոսելով Խորվաթիայի հավաքականի մասին` Հարոյանը մասնավորապես ասել է․
«Խորվաթիան շատ լավ հավաքական ունի` շատ հզոր ֆուտբոլիստներով։ Բայց ես միշտ ասել եմ, ու նորից կասեմ, որ բոլոր թիմերի դեմ էլ հնարավոր է խաղալ։ Սա ֆուտբոլ է, ու ամեն ինչ որոշվում է դաշտում։ Ընկերական խաղ է ու կցանկանամ, որ թե՛ Հայաստանի, թե՛ Խորվաթիայի հավաքականներն այս խաղից ստանան այն, ինչ պլանավորել են ու ցանկանում են։ Հաշիվն այնքան էլ կարևոր չէ, բայց միևնույն ժամանակ բոլորը պրոֆեսիոնալ են ու դաշտ են դուրս գալու հաղթանակի համար»,- նշել է Հարոյանը։
Հայաստանի հավաքականի պաշտպանին հարց է ուղղվել նաև իսպանական «Կադիս» տեղափոխության մասին․
«Հուլիսի 1-ից գործող պայմանագիր կունենամ «Կադիսի» հետ, անհամբեր սպասում եմ թիմին միանալուն, իսկ մինչ այդ, ինչպես արդեն ասել էի, բոլոր մտքերս «Աստանայի» հետ են․ 4 խաղ ունեմ անցկացնելու «Աստանայի» կազմում, դրանից հետո` հուլիսի 1-ից կմիանամ «Կադիսին»,- ասել է Հարոյանը։
Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպումը։ կկայանա հունիսի 1-ին Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20։00-ին։