Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2020/21 մրցաշրջանը:
Վերջին տուրից առաջ առաջատար «Սևանի» ու երկրորդ տեղում գտնվող ԲԿՄԱ-ի միջև միայն մեկ միավորի տարբերություն կար, սակայն «Սևանը», «Փյունիկ-2»-ի դեմ խաղում ոչ մի շանս չտվեց բանակայիններին:
Արմեն Շահգելդյանի գլխավորած թիմը 7-1 հաշվով հաղթեց «Փյունիկ-2»-ին ու դարձավ Առաջին խմբի հաղթող: Հաջորդ մրցաշրջանում «Սևանը» հանդես կգա ուժեղագույնների շարքում, իսկ «Փյունիկ-2»-ը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:
Երկրորդ տեղը զբաղեցրեց ԲԿՄԱ-ն, որը վերջին տուրում 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Արարատ-Արմենիա-2»-ի հետ: Վերջինս մրցաշրջանն ավարտեց վերջին տեղում:
Երրորդ հորիզոնականը կորցրեց «Վեստ Արմենիան», որը վերջին տուրում 2-3 հաշվով պարտվեց «Արարատ-2»-ին: Վերջինս մրցաշրջանի վերջնարդյունքում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
«Նորավանքը» առաջնությունն ավարտեց 3-րդ տեղում: Վերջին տուրում «Նորավանքը» 4-3 հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին»: Արցախյան թիմը վերջնարդյունքում հանգրվանեց 5-րդ տեղում:
Վերջին տուրում «Ուրարտու-2»-ը 3-0 հաշվով հաղթեց «Շիրակ-2»-ին ու առաջնությունն ավարտեց 6-րդ տեղում: Գյումրիի երկրորդ թիմը գրավեց 9-րդ տեղը:
Խփած 28 գոլով առաջնության լավագույն ռմբարկու դարձավ Հայաստանի հավաքականի անդամ Ժիրայր Շաղոյանը։