Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ հավաքական չհրավիրելու թեմային:
«Հենոյի պարզաբանումը ինձ համար առավել քան հստակ է և հավաստի!
Խնդիրը մարզչական ինչ-ինչ հաշվարկների մեջ է, և ես հակված եմ մտածել, որ Ազգային Հավաքականի ավագը պարտադիր պետք է լինի մեր թիմում: Մարզիչը կարող է հազար ու մի պատճառ բերել նրան չհրավիրելու համար, բայց դրանք այս պահին ոչ մի կերպ ըստ իս արդարացված չեն: Հուսով եմ գալիք պաշտոնական խաղերին Մխիթարյանը կառաջնորդի մեր Հավաքականին դեպի նորանոր հաղթանակներ»,-գրել է Պաչաջյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այսօր հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կմասնակցեն Խորվաթիայի ու Շվեդիայի հետ կայանալիք ընկերական խաղերին: Ցուցակից բացակայում էին մի շարք հիմնական ֆուտբոլիստներ՝ այդ թվում Հենրիխ Մխիթարյանը: «Ռոմայի» հայ կիսապաշտպանն իր ֆեյսուքյան էջում անդրադարձել է թեմային, նշելով, որ իր համար նույնպես զարմանալի է եղել այս որոշումը: