«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն, որը հեռանում է ակումբից, դիմել է անգլիական թիմի երկրպագուներին․
«Շնորհակալություն «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներին ինձ մշտապես աջակցելու համար։ Երբ զգում ես երկրպագուների սերը, ամեն ինչ ավելի հեշտ է դառնում։ Եթե որևէ մեկը հավատում է քեզ, դու ամեն ինչ կարող ես։ Հիշում եմ՝ երբ վատ խաղեր էի անցկացնում, երկրպագուները, միևնույն է, աջակցում էին ինձ։ Դա զարմանալի է։ Նրանք վանկարկում էին իմ անունը։ Ես պարզապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին։
Ես զգացել եմ անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների գնահատանքը։ Բոլորը մշտապես ցուցաբերում են իրենց հարգանքը իմ նկատմամբ։ Իսկապես ինձ երջանիկ եմ զգում, քանի որ գիտեմ, որ տվել եմ այն ամենն, ինչ կարող էի։
Հիմա ես եմ հեռանում, բայց մյուսներն էլ են ի վերջո հեռանում, այդ իսկ պատճառով կարևոր է նրանց աջակցելն ու ամեն պահը վայելելը, քանի նրանք այստեղ են՝ ակումբում»,- Ագուերոյի խոսքերն է փոխանցում անգլիական ակումբի մամուլի քարտուղարությունը։