Լա Լիգայի 37-րդ տուրում «Բարսելոնան» ընդունել է «Սելտային»։ Հանդիպումը կայացել է Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում և ավարտվել 1-2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ խփելով իր 30-րդ գնդակն ընթացիկ առաջնությունում։ Մոտ 10 րոպե անց «Սելտայի» կազմում Սանտի Մինան վերականգնել է հաշվի հավասարակշռությունը։ 83-րդ րոպեին «Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն երկրորդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել։ Արդյունքում խաղավարտին՝ 89-րդ րոպեին, Սանտի Մինան դուբլ է ձևակերպել ու հաղթանակ պարգևել իր թիմին։
«Բարսելոնան», իր ակտիվում ունենալով 76 միավոր, Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն է զբաղեցնում։ Առաջատար «Ատլետիկոն» 83 միավոր ունի իր ակտիվում։