Վաղուց հասունացել էր Հայաստանի առաջնությունից հեռանալու պահը` հաշվի առնելով հատկապես այն, որ արդեն նվաճել եմ երկրի չեմպիոնությունը, Գավաթն ու Սուպերգավաթը: ArmSport-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, որն օրերս «Արարատ-Արմենիայից» տեղափոխվեց ղազախական «Տոբոլ»:
«Ցանկանում էի փոխել միջավայրս ու խաղալ ավելի ուժեղ առաջնությունում, զարգանալ որպես խաղացող: Այս տարբերակն ինձ առաջարկեց հայտնի ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը: Հետաքրքրություն կար տարբեր ակումբներից, բայց ես ընտրեցի «Տոբոլը», քանի որ իրենցից կոնկրետ առաջարկ ստացա, ու կարծում եմ այս պահին սա լավագույն տարբերակն էր ինձ համար»,- ասում է Պետրոս Ավետիսյանը:

Հայ ֆուտբոլիստի խոսքով, ղազախական ակումբում ամեն ինչ կազմակերպված է շատ բարձր մակարդակով, թիմում հավաքվել են շատ լավ ֆուտբոլիստներ ու կա շատ լավ մարզիչ.
«Նախկինում էլ էի լսել Գրիգորի Բաբայանի մասին, այստեղ մենք ծանոթացանք, ու նա արդեն խոսել է ինձ հետ: Համոզվեցի, որ նա ֆուտբոլային լավ հայացքներ ունի ու հետաքրքիր մարզումներ` հիմնականում գնդակով:
Դմիտրի Սելյուկն ինձ նաև ասել էր, որ այստեղ է հանդես գալիս իր խաղացող Սենին Սեբային, ու ակումբում երբեք որևէ տեսակի խնդիրներ չեն առաջանում: «Տոբոլի» մասին լավ խոսքեր է ասել նաև Վարդան Մինասյանը, որը մի քանի տարի առաջ մարզել է այս թիմը: Այս ամենը հաշվի առնելով` ես խորհրդակցեցի ընտանիքիս հետ ու որոշեցի տեղափոխվել»,- շարունակում է ֆուտբոլիստը:
Պետրոս Ավետիսյանը, որն արդեն ամբողջովին միացել է թիմային գործընթացին` մասնակցելով ԱՄԷ-ում ընթացող հավաքին և մարզումներին, ասում է`իրեն շատ լավ են ընդունել «Տոբոլում».
«Տպավորություններս շատ դրական են: Ինձ շատ ջերմ են ընդունել թիմում, ու այստեղ կան բոլոր պայմանները մրցաշրջանի մեկնարկին լավ պատրաստվելու համար»:
Պետրոս Ավետիսյանը` «Տոբոլի» մարզմանը
2018 թվականին Պետրոս Ավետիսյանը ԵԼ-ի որակավորման երկրորդ փուլում խաղացել է «Տոբոլի» դեմ ու այն ժամանակ պատմական նվաճման հասել` դուրս գալով երրորդ փուլ: Առաջին խաղում կրած պարտությունից հետո «Փյունիկը» Երևանում հաղթանակ տարավ, իսկ Ավետիսյանը կարմիր քարտով հեռացվեց դաշտից.
«Դրանք երկու հետաքրքիր ու լարված խաղեր էին: Մենք խաղում էինք ուժեղ մրցակցի դեմ, և արդյունքում կարողացանք դուրս գալ հաջորդ փուլ` արտագնա խաղում խփած գոլի շնորհիվ: Դա ամբողջ կարիերայիս միակ կարմիր քարտն էր: Վերջին րոպեներին «Տոբոլի» կողից շատ մեծ ճնշում կար, մենք պետք է պահպանեինք արդյունքն ու այդ իրավիճակում ես երկրորդ դեղին քարտը ստացա: Լավ է, որ դա չազդեց խաղի վերջնական արդյունքի վրա:
Այն ժամանակ, իսկապես, չէի կարող մտածել, որ մի օր կխաղամ «Տոբոլում»: Կդժվարանամ համեմատել այն ժամանակվա ու հիմիկվա թիմերը, քանի որ այն ժամանակ մենք կենտրոնացած էինք մեր ելույթների վրա: Բայց տեսնում եմ, որ թիմը հիմա շատ ուժեղ է ու կարող է լավ արդյունքների հասնել»,- ասում է Պետրոս Ավետիսյանը:

Հայ ֆուտբոլիստի խոսքով, թիմը նախորդ մրցաշրջանում երկար ժամանակ պայքարել է չեմպիոնության համար ու այս մրցաշրջանում ևս բարձր նպատակներ են դրված թիմի առջև: Պետրոսը նկատում է, որ իր առջև ևս բարձր նպատակներ է դրել ու ցանկանում է օգտակար լինել թիմին` դաշտում իր արդյունավետ գործողություններով:
Խոսելով «Արարատ-Արմենիայում» անցկացրած ժամանակահատվածից ունեցած հիշողությունների մասին` Պետրոս Ավետիսյանն ընդգծում է, որ շատ վառ ու հետաքրքիր տարի է անցկացրել թիմի հետ.
«Միայն դրական հիշողություններ ունեմ: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում այդպիսի ակումբ հայտնվեց ու ինձ բախտ վիճակվեց լինել այդ թիմի մի մասնիկը, խաղալ այդպիսի բարձրակարգ խաղացողների հետ: Մենք միասին շատ վառ ու հետաքրքիր տարի ենք անցկացրել:
Պետրոս Ավետիսյանն` «Արարատ-Արմենիայում»
Իհարկե, եղավ նաև տխուր շրջան, երբ չկարողացանք դուրս գալ Եվրոպա լիգայի խմբային փուլ, երբ շատ մոտ էինք դրան»,- ասում է Պետրոս Ավետիսյանն ու ընդգծում, որ շատ շնորհակալ է Վարդան Մինասյանին ու իր մարզչական շտաբին.
«Շատ լավ փորձ էր: Ես շատ շնորհակալ եմ Վարդան Մինասյանին ու իր մարզչական շտաբին, որ հավատացին ինձ, հնարավորություն տվեցին խաղալու այդպիսի ուժեղ ակումբում: Երբ զգում ես ակումբի ու մարզչի վստահությունը, դա քեզ մոտիվացնում է ամբողջովին տրվել խաղին ու խաղերում հաղթել նաև հանուն մարզչի»:
Նարե Հովհաննիսյան