«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը (2-6):
«Ակնհայտ է, որ սա ծանր պարտություն է: Մենք կորցրել ենք երեք խաղացողի և այլևս ոչ մի փոխարինում չէր մնացել: Ամադ Դիավարայի և Քրիս Սմոլինգի համար դժվար էր, բայց ես չէի կարող նրանց փոխարինել: Իմ կարծիքով, մենք լավ առաջին խաղակես անցկացրինք, բայց երկրորդին չդիմացանք: Դժվար է բացատրել, թե ինչպես այդպիսի առաջին խաղակեսից հետո հնարավոր եղավ երկրորդում խաղալ այսպես. առանց ագրեսիվ խաղի, շատ սխալներով, դիրքի կորստով:
Լավ նորությունն այն է, որ մենք հասանք կիսաեզրափակիչ, իսկ առաջին հանդիպումը տեղի ունեցավ Մանչեսթերում: Մենք ապացուցեցինք, որ այս թիմը կարող է մրցակցել: Բայց երկրորդ խաղակեսում մենք ամեն ինչ սխալ արեցինք: Չեմ կարծում, որ տեղի է ունեցել մարտավարական սխալ: Առաջին կեսում մենք գործնականում թույլ չտվեցինք, որ ՄՅՈՒ-ն ինչ-որ բան անի:
Երկրորդ կեսում արժե՞ր «ավտոբուս» տեղադրել: Մենք փորձեցինք, բայց երբ թիմը գնդակ է ստանում, նրանք պետք է փորձեն գրոհել: Ես չեմ ուզում արդարացումներ փնտրել, ես միշտ առաջինն եմ ստանձնում պատասխանատվությունը, և, իհարկե, չեմ ուզում խուսափել այդ պատասխանատվությունից: Ես պարզապես նկարագրում եմ կատարվածը», — մեջբերում է Ֆոնսեկային football-italia-ն: