Կատալոնական «Բարսելոնան», որը սպասվում էր, որ կդառնա հերթական ակումբը, որ կհրաժարվի ձախողված Սուպերլիգայից, հայտարարությամբ է հանդես եկել:
««Բարսելոնան» կիսում է եվրոպական թոփ-ակումբների մեծամասնության այն կարծիքը, որ ֆուտբոլում անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ՝ ուղղված ֆինանսական կայունության ու կենսունակության պահպանմանը, երկրպագուների համար դիտարժանության բարձրացմանը:
Այս համատեքստում «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը արագորեն որոշում կայացրեց մրցաշարի հիմնադիր-ակումբի կարգավիճակով Սուպերլիգային մասնակցելու վերաբերյալ:
Մրցաշարի նպատակը հանդիսականին առաջարկվող շոուի գրավչությունն ու որակի բարձրացումն է: Որոշումը կայացվել է այն համոզմամբ, որ որպես հիմնադիր-ակումբ այս նախաձեռնությունից հրաժարվելը պատմական սխալ կլիներ: Որպես համաշխարհային մարզական ակումբի էտալոն՝ մենք պահպանում ենք ակումբի լիդերական կոչումը, որը կազմակերպության և՛ մարզական, և՛ սոցիալական անբաժանելի մասն է:
Հաշվի առնելով հասարակական արձագանքը, որը առաջացավ վերոնշյալ նախաձեռնության հանդեպ, չի կարելի ժխտել, որ «Բարսելոնան» հասկանում է նման արձագանքի առաջացման պատճառների ավելի խորը վերլուծություն անելու անհրաժեշտությունը: Այս ավելի խորը վերլուծությունը ժամանակ ու անհրաժեշտ հանգստություն է պահանջում, որպեսզի այլևս շտապողական գործողություններ չլինեն:
Քիչ կարևոր չենք համարում շեշտել այն օբյեկտիվ փաստը, որ դատարանն արդեն ներկայացրել է իրավաբանական արագ պաշտպանություն՝ դրանով իսկ հաստատելով Սուպերլիգայի հիմնադիր-ակումբների նախաձեռնության օրինականությունը: Սրա հետ կապված՝ ակումբը տեղին չի համարում, որ մտորումների ու դեբատների անհրաժեշտ գործընթացն ուղեկցվում է անհարկի ճնշումներով ու վախեցնող չափորոշիչներով»,- ասված է հայտարարության մեջ: