«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հանդիպել է գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի և թիմի չորս ավագների հետ՝ պարզելու ակումբի դերը Եվրոպայի Սուպերլիգայում:
Ըստ Mundo Deportivo-ի, երեկ երեկոյան Լապորտան խոսել է Կումանի, իսկ այսօր առավոտյան «Բարսելոնայի» ավագների հետ:
Կատալոնական ակումբի նախագահն ասել է, որ «Բարսան» պետք է պաշտպանի իր շահերը Սուպերլիգայի ստեղծման գործում: Հաշվի առնելով լուրջ տնտեսական ճգնաժամը, որ ապրում են ֆուտբոլային ակումբները կորոնավիրուսային համաճարակի պատճառով, անհրաժեշտ է որոնել լրացուցիչ եկամուտ ստանալու միջոց:
Ըստ Լապորտայի, ակումբները չափազանց քիչ գումար են ստանում ՈւԵՖԱ-ից և ՖԻՖԱ-ից եկամուտների բաշխումից, հատկապես Չեմպիոնների լիգայից: Լապորտան կապեր է պահպանում այս իրավիճակում գտնվող բոլոր կողմերի հետ ՝ Սուպերլիգայի հիմնադիր ակումբների, ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների և միջազգային ֆուտբոլային կազմակերպությունների հետ:
Կումանը և «Բարսայի» ավագները համաձայնվել են Լապորտայի հետ և ընդունել նրա բացատրությունները: «Բարսելոնան» Սուպերլիգայի չորս հիմնադիր ակումբներից մեկն է, որը դեռ պետք է հայտարարել մրցաշարից դուրս գալու մասին․ 8 թիմեր արդեն հրաժարվել են նախագծից: