«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդի ծառայություններն առաջարկվել են Իտալիայի առաջնության 4 ակումբների: Այս մասին հայտնում է Daily Express-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Մինո Ռայոլան, որն Անգլիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի գործակալն է, կապ է հաստատել «Ինտերի», «Ռոմայի», «Միլանի» և «Նապոլիի» հետ, որպեսզի այս ակումբներին առաջարկի ֆուտբոլիստի ծառայությունները:
Սպասվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ ժամանակներս պայմանագիր կկնքի «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշին, ինչի արդյունքում Լինգարդն ավելի քիչ խաղաժամանակ կստանա:
Մանկունիացիների գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը, անգլիական ԶԼՄ-ների հաղորդմամբ, նաև կորցրել է հավատը ֆուտբոլիստի հանդեպ ու գոհ չէ նրա ցածր արդյունավետությունից:
Ջեսի Լինգարդն Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 18 հանդիպման է մասնակցել, որոնցում ոչ մի արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել: