«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան գնահատել է հարձակվող Սերխիո Ագուերոյի՝ «Մանչեսթեր Սիթիում» ունեցած ներդրումը: Արգենտինացին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա անգլիական թիմից.
«Բոլոր նրանք, ովքեր մտերիմ են Սերխիոյի հետ, միևնույն բանը կասեն: Նա գլխավոր մարդկանցից էր, որ բարձրացրին այս նախագիծը: Նման նախագիծ սկսելու համար ձեզ առաջնորդներ են անհրաժեշտ, որակավորված խաղացողներ, որոնք պահեր կստեղծեն: Հարցը միայն այն չէ, թե ինչպես է Ագուերոն խաղում: Հարցը նրա խարիզմայի, անհատականության մեջ է: «Մանչեսթեր Սիթիում» նրան բոլորը սիրում են»,- Արտետայի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Այն հարցին, թե արդյոք «Արսենալը» կփորձի՞ պայմանագիր կնքել Սերխիոյի հետ, Արտետան ժպիտով է պատասխանել. «Տեսնենք՝ ինչ է նրան սպասվում ապագայում»:
«Մանչեսթեր Սիթիի» կազմում Ագուերոն 4 անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունում, 5 անգամ՝ լիգայի Գավաթում, 3 անգամ՝ երկրի Սուպերգավաթում, մեկ անգամ էլ՝ Անգլիայի Գավաթում: