Oլիմպիական ութակի չեմպիոն արագավազորդ Ուսեյն Բոլտը, ով «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է, կիսվել է թիմի մարզիչ Օլե Գունար Սուլշերի մասին իր մտքերով:
«Սուլշերի ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է տիտղոսներ վերցնել: Բայց, եթե մարզիչը փոխի բնավորությունը… Նա չափազանց բարի է: Դա է միակ բանը, որ կարող եմ ասել: Նա չափազանց լավն է: Սուլշերը երբեք վատ խոսք չի ասում թիմի կամ խաղացողի մասին, նույնիսկ եթե նրանք վատ են խաղում։ Դա նրա միակ խնդիրն է:
Եթե Սուլշերը կարողանա ճնշում գործադրել ֆուտբոլիստների վրա՝ իրենց ամբողջ ուժերը խաղին տալու համար, ապա նա կարող է մնալ ակումբում, քանի որ նա հիանալի է, իսկ երկրպագուները սիրում են նրան», — մեջբերում է Բոլտին CNN-ը:
Հիշեցնենք, որ նորվեգացի մասնագետը «մանկունիանցիների» հետ սկսել է աշխատել 2018-ի դեկտեմբերին:
Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» 29 հանդիպումներից հետո 57 միավորով երկրորդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: