Անգլիական Պրեմիեր-լիգայի 29-րդ տուրի շրջանակում մարտի 3-ին կայացել է «Քրիսթալ Փելաս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։ Խաղի ընթացքում մանկունիացիների ֆուտբոլիստների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։
Daily Mail-ը հայտնում է, որ երկրորդ կեսում ՄՅՈՒ-ի ավագ Հարի Մագուայերն իր դժգոհությունն է հայտնել, որ հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մշտապես հայտնվում է խաղից դուրս իրավիճակում։
Բրիտանացի լրագրողները չեն լսել պաշտպանի առաջին խոսքերը, բայց հետագա երկխոսությունը հնարավոր է եղել հասկանալ։ Ռեշֆորդը հարցրել է՝ «Ի՞նչ ես ցանկանում, որ ես անեմ»։ Մագուայերը պատասխանել է՝ «Գրողը տանի, հետևիր խաղից դուրսի գծին», ինչին Ռեշֆորդը շատ էմոցիոնալ է պատասխանել՝ «Ձայնդ կտրի՛ր, սրիկա»։
Աղբյուրը նշում է, որ Մագուայերը ՄՅՈՒ-ի միակ ֆուտբոլիստը չէր, որ քննադատել է Մարկուս Ռեշֆորդին խաղի ընթացքում։
«Մանչեսթեր Յունայթեդը» 27 խաղից հետո 51 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում։