Ռուսաստանի Գավաթի 1/8 եզրափակչում «Կրասնոդարը» ընդունել է «Սոչիին»: Հանդիպումը կայացել է Կրասնոդարում ու ավարտվել է հյուրերի՝ 2-1 հաշվով հաղթանակով:
Առաջին կեսում թիմերն այդպես էլ չեն կարողացել գրավել միմյանց դարպասները: Երկրորդ կեսում՝ 52-րդ րոպեին, հաշիվը բացել է Անտոն Զաբոլոտնին: 67-րդ րոպեին «Սոչիի» առավելությունը կրկնապատկել է Ժոազինյոն: Բրազիլացին գրավել է իր նախկին թիմի դարպասը, որի կազմում հանդես է եկել 2011-ից 2018 թվականներին:
«Կրասնոդարի» կազմում միակ գնդակը խաղի 81-րդ րոպեին հեղինակել է Թոնի դե Վիլյենան: Վերջին րոպեներին «Կրասնոդարը» ևս մի քանի գոլային պահ է ունեցել, բայց դրանք իրացնել չի կարողացել:
Նշենք՝ «Սոչիի» հայ ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում: Հայտացուցակից դուրս է մնացել նաև «Կրասնոդարի» ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանը:
«Սոչիի» մրցակիցը քառորդ եզրափակչում հայտնի կդառնա վիճակահանության արդյունքում: