Ծանրամարտի մարզիչ Նարեկ Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ Ջրառատ գյուղում ծանրամարտի մարզադպրոց կառուցելու նախագիծն ամբողջովին պատրաստ է.
«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ծրագիր ներկայացրեցինք ԿԳՄՍ նախարարություն Ջրառատ գյուղում Սիմոն Մարտիրոսյանի անունը կրող ծանրամարտի մարզադպրոց կառուցելու համար։Այսօր կարող ենք արձանագրել,որ այս մեկ տարվա ընթացքում կատարվել է շատ մեծ աշխատանք,նախագիծն ամբողջությամբ պատրաստ է»,- գրել է Նարեկ Խաչատրյանը:
Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ այս մարզադպրոցն իր տեսակի մեջ լավագույնն է լինելու ամբողջ Հանրապետության մասշտաբով.
«Պետք է ասեմ,որ այս ընթացքում Քաղաքաշինության կոմիտեում, ինչպես նաև ճարտարապետի հետ, ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ, և վստահ եմ,որ Ջրառատի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը լինելու է լավագույնը իր տեսակի մեջ ամբողջ Հանրապետության մասշտաբով: Անհամբեր սպասում ենք շինարարական աշխատանքների մեկնարկին»:
Խաչատրյանն անցած տարի հայտնել էր, որ Ջրառատ գյուղում ծանրամարտի մարզադպրոց կառուցելու ծրագիրը կընդգրկվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականին իրականացվող ծրագրերի շարքում: