- Վերջին անգամ հոկտեմբերի 27-ի առավոտյան խոսեցինք: Երբեք այդքան կարճ չէինք խոսել, վայրկյաններ տևեց: Ասաց՝ «Մամ ջան, վաղը կզանգեմ»: Ժամեր անց Գագս չկար…Եթե իմանայի, որ այդպես է լինելու, երկար կխոսեի…
Այս խոսքերն Արցախում արիաբար զոհված Գագիկ Աբրահամյանի մոր՝ տիկին Ռիտայի խոսքերն են:
Երբ հասկացա ու գիտակցեցի, որ րոպեներ անց հայտնվելու եմ Արցախում զոհված, Երևանի «Փյունիկի» երկրորդ թիմի դարպասապահ Գագիկ Աբրահամյանի տանը, զրուցելու եմ Գագիկի մոր՝ տիկին Ռիտայի հետ, մի ծանր բեռ հայտնվեց ուսերիս, սկսեցի գիտակցել պահի լրջությունը: Հասկացա, որ ամեն խոսքումս պետք է զգույշ լինեմ… ես խոսելու էի ՀԵՐՈՍԻ մոր հետ… Դժվար էր այն առումով, նաև, որ հասկանում ես՝ դու ողջ ես, իսկ նա՝ ոչ: Հասցեն ասելիս Գագիկի մայրը հավելեց, որ բնակարանը 9-րդն հարկում է, միայն այդքանը…Երբ բարձրացանք 9-րդ հարկ, դժվար չէր տարբերել, թե որն է նրանց բնակարանը…դռան կողքերին գնդակների նկարներ էին:
«Գագս, Իջևանում էր ծառայում: Դ-30-ի հրամանատար էր, կոչումով՝ կրտսեր սերժանտ: Հայրս նախկինում այդ նույն զորամասի հրամանատարն է եղել: Շատ էր ասում, որ ցանկանում է Արցախ տեղափոխվել: Ես էլ, երբ լսում էի, լարվում էի ու զայրանում, իսկ ինքը հակընդեմ հարց էր տալիս.
«Մամ, չես ուզու՞մ, որ ես գնամ ու իմ հայրենիքը պաշտպանեմ»:
Հուլիսին տեղի ունեցած տավուշյան դեպքերից հետո բոլորից թաքուն դիմում էր գրել՝ ցանկանալով տեղափոխվել Արցախ: Իհարկե, միանգամից չէին կարող տեղափոխել, բայց պատերազմի սկսվելուց օրեր անց նա արդեն Արցախում էր: Նույնիսկ, հայրս չգիտեր այդ մասին: Եվ, նույնիսկ, որ խոսում էինք, նա ինձ ոչինչ չէր ասում: Ասում էր, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է, ոչ մի կրակոց չկա, հանգիստ է…իր հետ նույն վայրում գտնվող ծանոթ տղաների ծնողներ կային, որ ինձ երբեմն հարցնում էին՝ տեղյա՞կ եմ, որ այս կամ այն տղան է մահացել, բայց ես ոչնչից տեղյակ չէի, որովհետև Գագս ոչինչ չէր ասում ինձ՝ չցանկանալով անհանգստության մեջ դնել ինձ:
Շատ չարաճճի երեխա է եղել: Պաշտում էր ֆուտբոլը: 11 տարեկանից սկսեց հաճախել «Փյունիկի» ակադեմիա: Ես չէի սիրում ֆուտբոլ ու չէի ցանկանում, որ զբաղվեր ֆուտբոլով: Իրականում, շատ պատահական ստացվեց: Բարձրահասակ էր ու առաջարկ եղավ, և որոշեցինք, որ պետք է գնա ֆուտբոլի: «Բարսելոնայի» երկրպագու էր: Անընդհատ սիրում էր խոսել ֆուտբոլից: Ծառայության ընթացքում անընդհատ խոսում էր ֆուտբոլից:
Հետո շատ էր սիրում կարդալ: 6 տարեկան էր. Հունիսի 1-ին Փարսադանյանի հանրագիտարանը՝ 7 հատորից, նվիրեցի իրեն: Այնքան էր կարդացել, որ հարց էինք տալիս, բացում էր կոնկրետ էջով ու ցույց տալիս: Յուրօրինակ տղա էր…»,-հիշում է տիկին Ռիտան:
- Ամեն անգամ Գագիկի անունը տալիս մի պահ տիկին Ռիտան հեռանում էր իրականությունից… Թախիծը նրա խոսքերում էր, նրա հոգում, նրա սրտում… ոչ-ոք, այլևս, ոչ-ոք չէր կարողանալու լրացնել Գագիկի բացակայությունը…բազմիցս շեշտում էր մայրը:
«Ինչն էր հետաքրքիր, որ բանակ գնալուց առաջ «ամեն ինչ փակեց», նոր գնաց. ֆուտբոլը, ընկերուհի ուներ, իր հետ հարաբերությունները… չհասկացա, քանի որ շատ լավ աղջիկ է, շատ լավ… մինչև հիմա շփվում եմ իր հետ:
Աշխատում էր, սովորում էր, ֆուտբոլով զբաղվում…ամեն ինչ հասցնում էր: Հանգամանքներ կային, որոնց պատճառով հիասթափվեց ֆուտբոլով զբաղվելուց, բայց ոչ ֆուտբոլից: Վերջերս ինքն անընդհատ ասում էր, որ կարոտել է ֆուտբոլը, բայց ես ասում էի, որ եղած բանի համար չեն փոշմանում: Միշտ ասում էր, որ ինքն իր ֆուտբոլի ակումբն է ունենալու ու Իսլանդիա գնալու մեծ ցանկություն ուներ:
Ինքը եթե լիներ, ինքը շատ բան կաներ: Ոչ թե իմ տղան ա՝ դրա համար եմ ասում, այլ պարզապես այդպես էր: Ինքը լրիվ ուրիշ էր…
Նույնիսկ հարազատ եղբայրը չի կարող լրացնել իր տեղը: Իր շուրջն ինչ կատարվում էր, պետք է նկարահանվեր: Պիտի թատերական ինստիտուտ ընդունվեր, ռեժիսուրան էր իր հաջորդ կանգառը: Մինչ պատերազմը ուր գնում էր, ամեն ինչ նկարում էր, բայց պատերազմական օրերին ոչ մի ֆոտո, վիդեո…գնահատում էր պահի լրջությունը: Տեսել եմ, որ շատերը Արցախից տեսանյութեր էին հրապարակում ու զարմանում էի, որ Գագս չէր նկարել ոչինչ…ռեալ է նայել ամեն ինչին: Գնահատում էր իրավիճակի լրջությունը:
Գագիկի զինվորական հագուստը, զին. գրքույկն ու հեռախոսն իրենց տեղն ունեն տիկին Ռիտայի բնակարանի սուրբ անկյունում: Ամեն ինչ, ինչ հիշեցնում է Գագիկին: Նույնիսկ, խոհանոցում՝ պահարանների վրա Գագիկի գնդակներն էին, որով նա խաղացել էր: Խոսակցության ընթացքում մի քանի անգամ մոտեցանք Գագիկի տարբեր իրերով լեցուն սեղանին: Տպավորություն էր, որ մայրն անընդհատ փորձում էր մեզ և որդուն ծանոթացնել: Պատմում էր բոլոր իրերի մասին, հերթով, առանց շտապելու, որպեսզի ոչ մի բան չմոռանա:
—
«Զիվորական հագուստից Գագիս հոտն է գալիս…(սա օրվա ամենածանր արտահայտություններից մեկն էր): Իր առաջին կրթաթոշակով գնել էր «Գանձասար» վանական համալիրի տուֆե մանրակերտը: Բանակ գնալուց առաջ ավոկադոյի կորիզ էր բերել: Ցանեց, աճեցրեց, իսկ գնալուց առաջ ինձ ասաց.
«Մամ, լավ կնայես»: Հարցրեցի՝ ինչու՞ այդպես ասաց, իսկ ինքը պատասխանեց.
«Դե, մարդ ես էլի…». չգիտեմ՝ ինչու տենց ասաց:
Մի քանի ամիս առաջ, որ գնացի Իջևան, լուսանկարչական ալբոմ տարա ու սկսեցի իր նկարները հավաքել»,-հիշում է Տիկին Ռիտան ու ցույց տալիս նկարները:
Ալբոմի առաջին էջին գրված էր.
«Գիտելիքը մարդուն տալիս է կշիռ, իսկ արարքները՝ փայլ: Աշխատիր պահե;ս այդ փայլը, բալես: Թող Աստված լուսավորի քո ճանապարհը, որպեսզի կարողանաս ճիշտ կերտել քո կյանքի ուղին». «Մամա»
Երբ կարդում էի այդ տողերը, տիկին Ռիտան, կարծես արդարանալով, ասաց.
«Ախր, ես էս իմաստով չէի գրել»:
Նկարներից մեկի հետ կապված տիկին Ռիտան հետաքրքիր պատմություն հիշեց.
Մի նկար էր ուղարկել՝ 2 զենքով, ռեմբոյին էր նման: Երբ տեսա, նմանեցրի Ռեմբոյին ու ասացի նրան դրա մասին, իսկ ինքը պատասխանեց.
«Մամ, ինձ ստեղ Ռեմբո են ասում»:
Երբ Եռաբլուրում էի, իր հետ զոհված տղաներից մեկի մոր հետ ծանոթացա, և երբ բա նա հարցրեց՝ ում մայրն եմ, ու ես ասացի՝ Գագիկի, նա նոր հարց տվեց.
«Ռեմբոյի՞»:
Փաստորեն շատերը գիտեին դրա մասին»,-դժվարությամբ, բայց թեթև ժպիտով շարունակում էր որդուն հիշել ու վերապրել այդ ցավը տիկին Ռիտան:
«Այդ նկարն եմ իր հետ դրել, որովհետև շատ էր սիրում, ժամացույց եմ դրել ու դրոշ: Նա շատ էր սպասում, որ ծառայությունից գա ու հրապարակի այդ նկարը… չէկավ, ես էլ որոշեցի իր հետ դնել:
Օգոստոսին՝ ծննդյանս օրը, ընկերոջ միջոցով ծաղիկ էր ուղարկել: Նաև, փամփուշտներով «ՄԱՄԱ» էր գրել…
«1 տարի 3 ամիսը լրացավ Արցախում: Զանգեց այդ օրը, հրետանավորի օրն էր, բայց, չգիտեմ, չգիտեմ՝ ինչու չշնորհավորեցի»,-դժվարությամբ է հիշում որդեկորույս մայրը:
- Որքան էլ փորձում էի շրջանցել ամենածանր մասը, չստացվեց… տվեցի այն հարցը, որի պատասխանը ստիպեց ևս մեկ անգամ վերապրել այդ ցավն ու կորստյան դառը վիշտը:
«Զոհվել է հոկտեմբերի 27-ին: Լսել եմ, որ իրենց պետք է 28-ի առավոտյան հետ տանեին Իջևան: ԱԹՍ-ի առաջին հարվածը հրամկազմի խրամատի վրա է եղել: Գագոն շտապել է օգնության, երևի նկատել են, որ շարժ կա ու երկրորդ հարվածն է եղել: 4 տղա էլ է իրենց հետ խրամատում: Գագոն ասել է՝ դուրս եկեք, կողքի խրամատ մտեք, և դրա շնորհիվ այդ 4 տղան ողջ են մնացել: Դասընկերն է պատմել, որ իրենք 20-30 մետր հեռվացել են ու ողջ մնացել»:
«Մինչ հիմա իր բոլոր դարակները չեմ նայել, չեմ համարձակվում, բայց մի թուղթ եմ գտել, որի վրա իր բառերով Գագս փորձել է կյանքը նկարագրել.
«Մարդկային կյանքը նման է գլանակի: Վառվելուն պես այն բաժանվում է երկու մասի՝ ներկա ու անցյալ: Անցյալը ներկայացվում է ծխախոտի վառվելուն պես, երբ արդեն վառված հատվածը դառնում է մոխիր: Մոխիրն է անցյալը, որն ընկնելուն պես մոռացվում է, բայց մնում է հավետ: Իսկ այն հատվածը, որը դեռ պետք է վառվի, դառնա մոխիր, դա մեր ներկան է»,-գրել է Գագիկը:
Արմեն Գարամյան