«Խիմկիի» ֆուտբոլիստները բաց նամակ են գրել Մոսկվայի շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովին: Ֆուտբոլիստները համաձայն չեն գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանի պաշտոնանկության հետ:
«Հարգելի Անդրեյ Յուրիևիչ:
Մենք՝ «Խիմկիի» ֆուտբոլիստներս, խնդրում ենք պարզաբանել այն իրավիճակը, որը ծագել է մեր ակումբում: Մեզ համար անակնկալ էր «Խիմկիի» գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանի պաշտոնանկության մասին լուրը:
Մենք ոչ մի պատճառ չենք տեսնում, որ ակումբն այս կերպ պետք է բաժանվի Սերգեյ Նիկոլաևիչից: Այս մասնագետի հետ մենք լուծեցինք Պրեմիեր լիգա դուրս գալու խնդիրը:
Յուրանի գլխավորությամբ «Խիմկին» համոզիչ հաղթանակ տարավ Մոսկվայի «Տորպեդոյի» նկատմամբ Ռուսաստանի գավաթի քառորդ եզրափակչում (5:1): Կիսաեզրափակչում, առանց չորս ամիս լուրջ խաղային պրակտիկա ունենալու, Եկատերինբուրգում մենք հաղթահարեցինք ՌՊԼ-ում հանդես եկող «Ուրալի» արգելքը (3:1):
Ի վերջո, Գավաթի խաղարկության եզրափակչում, Յուրանի գլխավորությամբ, «Զենիթի» դեմ խաղում մենք հավասար պայքար մղեցինք: 11 մետրանոց հարվածից հետո մենք պարտվեցինք նվազագույն հաշվով, ինչը հարցեր առաջացրեց մի շարք փորձագետների մոտ: Այդ հանդիպման վերջում մենք իրական հնարավորություն ունեինք ամեն ինչ լրացուցիչ ժամանակ տեղափոխելու համար:
Այսպիսով, ի՞նչ պատճառով է հեռացվել Յուրանը, ով արդյունք էր տալիս: Հարգելի Անդրեյ Յուրիևիչ, մեզ լիովին բավարարում է Յուրանի աշխատանքը, թիմում ստեղծվել է հիանալի մթնոլորտ: Մենք պատրաստ ենք պայքարել այս մարզչի համար, միմյանց համար, տարածաշրջանի պատվի համար, Պրեմիեր լիգայում մեր հավատարիմ երկրպագուների համար:
Մենք խնդրում ենք Ձեզ միջամտել ստեղծված իրավիճակին և համոզել ակումբի ղեկավարությանը՝ Սերգեյ Յուրանին պահել «Խիմկիի» գլխավոր մարզչի պաշտոնում»,- ասվում է նամակում:
Մանակը ստորագրել են «Խիմկիի» 21 խաղացողներ: