Այսօր՝ մայիսի 30-ին, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության շրջանակում «Լոռին» Վանաձորում ընդունել էր «Նոային»։ Այս հանդիպումը առաջինն էր Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ հատվածի 19-րդ մրցափուլում։
Հիշեցնենք, որ 18-րդ տուրով ավարտվել է ԲԽ-ի ընթացիկ առաջնության առաջին շրջանը։ Երկրորդ շրջանում մրցաշարային աղյուսակում առաջին 6 տեղերը զբաղեցրած թիմերը կշարունակեն պայքարը չեմպիոնության համար։
Հանդիպման 18-րդ րոպեին տանտերերի կազմում Ջոնել Դեսիրեի փոխանցումից հետո պորտուգալացի Դիեգո Կոելյոն բացում է հանդիպման հաշիվը՝ 1-0։ Եվս 18 րոպե անց՝ 36-րդ րոպեին, «Նոան» հավասարեցնում է հաշիվը՝ մոլդովացի հարձակվող Դանու Սպատարույի ջանքերով։ Վերջինս 4-րդ հանդիպումն է անցկացնում «Նոայի» կազմում և խփում իր երկրորդ գնդակը Բարձրագույն խմբի առաջնությունում։ Երկու թիմերն էլ կարողացան իրենց ունեցած պահերը արդյունավետ ավարտին հասցնել և 1-1 հաշիվը առաջին խաղակեսում բավականին տրամաբանակն էր։
1-0․ Դիեգո Կոելյո
1-1․ Դանու Սպատարու
Երկրոդ խաղակեսը բավականին ակտիվ սկսեցին հյուրերը, սակայն 59-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ կրկին առաջ մղեց արգենտինացի հարձակվող Մազիերոն՝ 2-1։ Արգենտինացի հարձակվողը աչքի ընկավ արդեն երկրորդ խաղում անընդմեջ։ Բայց «Նոայի» ֆուտբոլիստները չէին պատրաստվում այսօր առանց միավորների վերադառնալ Երևան․ 71-րդ րոպեն հյուրերը կրկին հավասարեցնում են խաղի հաշիվը՝ 2-2։ Հրաշալի գոլով աչքի ընկավ Վլադիմիր Ազարաովը, ով գրավեց մրցակցի դարպասը առաջին խաղակեսում գոլով աչքի ընկած Սպատարուի փոխանցումից հետո։
Այսպիսով, Վանաձորում գրանցվում է մարտական ոչ-ոքի՝ 2-2։
2-1․ Ագուստին Մազիերո
2-2․ Վլադիմիր Ազարով
«Լոռիի» գլխավոր մարզիչի պարտականությունները այսօր կատարում էր Ֆրանսիսկո Կոմպան, ով թիմի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի օգնականն է: Դավիդ Կամպանյան բացակայում էր․ նա դեռ Իսպանիայում է և դեռևս չի կարող վերադառանալ Հայաստան։
Այս խաղից հետո «Լոռին» վաստակում է 33 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ 3 միավորով զիջելով առաջնության առաջատար «Արարատ-Արմենիային»։ «Նոան» 31 միավորով 5-րդ տեղում է (նույնքան միավոր ունեն նաև «Ալաշկերտն» ու «Արարատը»)։