Թենիսի ամենալեգենդար մրցաշարը՝ Wimbledon-ը, որի անցկացումը նախատեսվում էր այս տարվա հունիսի 29-ից հուլիսի 12-ը Լոնդոնում, կչեղարկվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնել է Գերմանական Թենիսի միության (DTB) փոխնախագահ Դիր Հորդոֆը: Սա նշանակում է, որ մինչև աշուն պրոֆեսիոնալ թենիսային օրացույցի վերսկսման շանսերը հասնում են նվազագույնի:
Այն մասին, որ այս շաբաթ All-England Lawn Tennis Club-ի (AELTC) արտակարգ խորհրդակցության ժամանակ կորոշվի Ուիմբլդոնի անցկացման հարցը, հայտնի դարձավ դեռ մի քանի օր առաջ: Այդ ժամանակ արդեն ակնհայտ էր, որ, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կտանի նրան, որ Grand Slam-ի ամենահին մրցաշարը կչեղարկվի: Այն առաջին անգամ կայացել է 1877 թվականին և այդ ժամանակից ի վեր չի անցկացվել միայն համաշխարհային պատերազմների տարիներին (1915–1918, 1940–1945):
Սակայն DTF-ի փոխնախագահ Դիրկ Հորդոֆը մի փոքր առաջ է ընկել ու բացահայտել այն, ինչն AELTC-ն պաշտոնապես կհայտարարի առաջիկա չորեքշաբթի: Նրա խոսքով, Wimbledon-ը չեղարկելու վերաբերյալ որոշումն արդեն համաձայնեցվել է պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) և կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) հետ:
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է Daily Mail-ը, չնայած անխուսափելի վնասին, որը կբերի մրցաշարի չեղարկումը, ֆինանսական կորուստների նշանակալի մասն AELTC-ն կկարողանա ծածկել համաճարակի դեպքում հատուկ ապահովագրական համաձայնագրի շնորհիվ, որը կնքվել է մի քանի տարի առաջ: Ընդ որում, աղբյուրի փոխանցմամբ, Grand Slam-ի մյուս մրցաշարերը նման ապահովագրություն չունեն:
Wimbledon-ից հետո ակնհայտ է դառնում, որ առաջիկա ամռանը Եվրոպայում թենիսի պրոֆեսիոնալ մրցաշարեր չեն անցկացվի: Ավելին, հարցականի տակ է նաև ամերիկյան մրցաշարերի սերիայի անցկացումը, որի գագաթնակետը US Open-ն է. այն նախատեսված է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 13-ը: Այս սերիան պետք է մեկնարկեր հուլիսի վերջին, սակայն այն մասշտաբները, որ ներառում է համաճարակն ամբողջ աշխարհում, մեծ կասկածներ է հարուցում՝ արդյոք հնարավոր կլինի՞ թենիսային մրցաշրջանը վերսկսել գոնե մինչև աշուն:
Ամենայն հավանականությամբ, չի կայանա նաև Roland Garros-ը: Հիշեցնենք՝ երկու շաբաթ առաջ Grand Slam-ի գրունտային մրցաշարի կազմակերպիչները, իրենց որոշումը չհամաձայնեցնելով պրոֆեսիոնալ տուրերի հետ ու այդ կերպ կոնֆլիկտային իրավիճակ հրահրելով, հայտարարեցին, որ մրցաշարի մեկնարկը մայիսի վերջից տեղափոխում են սեպտեմբերի կեսեր: Հիմա արդեն Հորդոֆն ասում է՝ «շատ երջանիկ կլինի, եթե մենք թենիսի գոնե մեկ մրցաշարի ականատես լինենք սեպտեմբերին»: