«Յուվենտուսի» նախկին նախագահ Ջովանի Կոբոլի Ջիլյին քննադատել է թուրինյան ակումբի ֆուտբոլիստներին, ովքեր լքել են Իտալիան կորոնավիրուսի համաճարակի պատճառով.
«Հիմա հեշտ է քննադատելը, բայց ես չեմ հասկանում, թե ինչու են այդ խաղացողները լքել Իտալիան: Եթե խոսենք նրանց վերադարձի մասին, ապա հույս ունեմ՝ դա հնարավորինս շուտ տեղի կունենա: Նրանց համար հեշտ չի լինի աշխատանքները սկսելը, քանի որ պետք է 14-օրյա տնային մեկուսացման ենթարկվեն: «Յուվենտուսի» համար ամեն ինչ ավելի բարդացավ, երբ եկավ Ռոնալդուն և ասաց, որ մեկնում է իր մայրիկի մոտ, իսկ հետո մտադիր է արևայրուք ընդունել լողավազանի մոտ: Հետո Իգուայինը ևս մեկնեց իր մայրիկի մոտ, մեկ ուրիշն էլ այլ տեղ մեկնեց, ու իրավիճակը վատթարացավ»,- Ջովանի Կոբոլի Ջիլյիի խոսքերն է փոխանցում TuttoJuve-ն:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համաճարակը մարտի 11-ին առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համաշխարհային համավարակ է ճանաչվել: Վարակման առաջին դեպքերը գրանցվել են 2019 թվականի վերջերին Չինաստանում: Այդ ժամանակից ի վեր այն տարածվել է աշխարհի ավելի քան 190 երկրում: