ՀՖՖ նախագահի ընտրությունների շեմին համացանցում ֆուտբոլասերները թեժ քննարկում են թեկնածուների շանսերն ու հայտնում իրենց մտահոգությունները այս կամ այն թեկնածուի վերաբերյալ։ Լրագրող Դավիթ Ջալալյանն ահազանգում է, թե ինչպես ՀՖՖ-ի նախագահ կարող է դառնալ դատարանի կողմից սնանկ ճանաչված անձը։ Խոսքը «Լոռի» ՖԱ-ի նախագահ Թովմաս Գրիգորյանի մասին է։
Ջալալյանի պնդմամբ՝ «Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.05.2015թ. վճռով (դատավոր՝ Ա.Աթաբեկյան) թիվ ԼԴ4/0027/04/15 սնանկության գործով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Թովմաս Ռոբերտի Գրիգորյանի՝ վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին բավարարվել է և Թովմաս Ռոբերտի Գրիգորյանը ճանաչվել է սնանկ»:
Լրագրողի տվյալներով՝ Թովմաս Գրիգորյանի կողմից չկատարված պարտավորություններն ընդհանուր առմամբ կազմում են մոտ 10 մլն դոլար:
«Թեև, օրենքը չի արգելում սնանկ ճանաչված ֆիզիկական կողմից ղեկավար պաշտոն զբաղեցնելը, սակայն ակնհայտ է, որ սեփական բիզնեսը կառավարել չկարողացող, ֆինանսական առհելի պարտավորություններ ունեցող անձին վստահել 10 մլն դոլարանոց բյուջե ունեցող ֆեդերացիայի կառավարումը, մեղմ ասած, անթույլատրելի է:
Իսկ թե ինչպես ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ղեկավարները կարձագանքեն դատարանի վճռով սնանկ ճանաչված անձին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրելու փաստին, կարծում ենք, կանխատեսելի է: Այդ երկու կառույցները հազիվ են մաքրվել ֆինանսական չարաշահումների վարպետ ղեկավարներից և առնվազն լուրջ ուսումնասիրության և վերահսկողության կենթարկեն իրենց կողմից ՀՖՖ-ին տրամադրվելիք միլիոնավոր դոլարների ծախսումները, եթե իհարկե, շարունակեն ֆինանսավորել ՀՖՖ-ի ծրագրերը, որոնք պետք է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հետ ստորագրի սնանկ ճանաչված Թովմաս Գրիգորյանը»,- գրում է Դավիթ Ջալալյանը:
Նշենք, որ ՀՖՖ-ի անդամ 34 ՀԿ-ների կողմից առաջարկված ֆեդերացիայի նախագահի թեկնածուներից ընդունվել են 3-ը՝ Թովմաս Գրիգորյան, Արմեն Մելիքբեկյան, Խորեն Հովհաննիսյան: Ընտրությունը կայանալու է դեկտեմբերի 23-ին: