ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանի ձերբակալությանը.
«Այս գործի մասին չխոսենք, քանի որ առայժմ դեռ միայն ԱԱԾ-ի հայտարարությունն է հասանելի: Չեմ ցանկանում այս դեպքը մեկնաբանել, որովհետև կա անմեղության կանխավարկած:
Իմ ամեն երկրորդ ելույթը կոռուպցիայի մասին է և ամենաշատ քրեական գործերը հարուցվել են մեր ոլորտում»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նշել էր, որ կտրելու են Հայաստանի պետական արժանապատվությանը «կպնել փորձող բոլոր կեղտոտ թաթիկները»: Արայիկ Հարությունյանը համակարծիք է և ևս մեկ անգամ ընդգծում է, որ կոռուպցիայի դեպքում բոլոր մեղավորները պատժվելու են.
«Այո, ցանկացած դեպքում, եթե կլինի կոռուպցիա, թաթիկները կկտրվեն: ԱԱԾ-ն երեկ գործողություններ իրականացրել է նախարարությունում, բայց քանի որ քրեական գործի մասին է խոսքը, ես կսահմանափակվեմ այսքանով:
Արդյոք ԱԱԾ-ի՞ց եմ տեղեկացել գործի մասին. իհարկե, ոչ: Ինչ վերաբերում է վարորդ ունենալ-չունենալուն, ապա ասեմ, որ որևէ փոխնախարարի ո՛չ տանից բերում են աշխատանքի, ո՛չ աշխատանքից տանում են տուն: Այդ պահին նա օգտվել է հերթապահ մեքենայից, քանի որ կա՛մ գնալիս է եղել պետգույքի կառավարման կոմիտե, կա՛մ վերադառնալիս»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ իրականում խստորեն հետևում են նախարարությունում իրականացվող գնումներին.
«Եթե իրավապահները հրավիրեն ցուցմունք տալու, կմտածեմ` ասելիք ունեմ, թե ոչ:
Նախարարությունում իրականացվող գնումներին խստորեն հետևում ենք, բայց ծավալներն այնպիսին են, որ կարող են նման իրավիճակներ ստեղծվել, բայց 1,5 տարվա ընթացքում նման իրավիճակներ չէին եղել:
Արդյոք շարունակո՞ւմ եմ հավատալ, որ պարգևավճարները նպաստում են կաշառք չվերցնելուն, այո: Որոշ իրավիճակներում գոհ եմ եղել Լոռեցյանի աշխատանքից»,- ասել է Հարությունյանը: