Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը, որն օղակներ վարժությունում բրոնզե մեդալ էր նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում, ArmSport-ի հետ զրույցում կիսվել է տպավորություններով:
Սա Ավետիսյանի արդեն 3-րդ մեդալն էր այս տարում.
«Ամեն ինչ շատ լավ էր: Շատ ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել: Զիջել եմ միայն աշխարհի և օլիմպիական չեմպիոններին, ի դեպ, օլիմպիական չեմպիոնին` չնչին միավորներով: Պայքարը շատ բարդ էր: Բոլորն էլ տիտղոսակիր մարզիկներ էին, բայց թիմակիցներիս, ընկերներիս ու մարզիչներիս շնորհիվ կարողացա հաջողության հասնել ու նվաճել այս մեդալը. ամեն վայրկյան նրանք իմ կողքին էին»,- ասել է Արթուր Ավետիսյանը մեր թղթակցի հետ զրույցում:
Արթուրն ասում է` մարզիչների հետ աշխատում են վարժությունը բարդացնելու ուղղությամբ.
«Իմ վարժությունն այնքան էլ բարդ չէ, դրա համար քրտնաջան աշխատանք ենք տանում, որպեսզի այն բարդացնենք: Իմ վարժությունը բարդության տեսանկյունից 15.9 է գնահատվում, իսկ մրցակիցներինս` 16.3, 16.4, 16.5: Այդ իսկ պատճառով աշխատում ենք այն բարդացնելու ուղղությամբ»,- ասում է Արթուր Ավետիսյանը:

Գերմանիայում կայացած աշխարհի Գավաթի խաղարկությունը վարկանիշային էր Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի համար: 21-ամյա մարզիկն ասում է` դեռևս չի մտածում այդ ուղղությամբ.
«Բոլոր մարզիկների նպատակը մեկն է` օլիմպիական մեդալ … բայց չեմ ցանկանա խոսել Տոկիո-2020-ին մասնկացելու իմ շանսերի մասին»:
Հիշեցնենք` հայ մարմնամարզիկներից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը:
Դավթյանն ու Ավետիսյանն այսօր մեկնում են ռուսական Պենզա քաղաք, որտեղ նոյեմբերի 27-ից 30-ը կմասնակցեն օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան 26-րդ միջազգային մրցաշարին:
Մրցաշարին 15 երկրի ավելի քան 100 մարմնամարզիկ կմասնակցի: