Ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը կնշանակվի Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնի է դարձել Topsports.am կայքին:
Աղբյուրը նշում է նաև, որ 53-ամյա մասնագետն արդեն առաջին մարզումն է անցկացրել երևանյան թիմի հետ։
«Ուրարտուի» պաշտոնական կայքն արդեն հայտնել է, որ Իլշատ Ֆայզուլինը հեռացել է երևանյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնից՝ ընտանեկան խնդիրների պատճառով:
Գրիգորյանի նախորդ աշխատավայրն էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հետնապահների թվում գտնվող «Տամբովը», որի գլխավոր մարզիչի պաշտոնից նա հրաժարական էր տվել հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալից» կրած 1:2 հաշվով պարտությունից հետո: Հայ մարզիչը 2019-ի ապրիլի 22-ից էր գլխավորում «Տամբովը», որին օգնեց նվաճել Ռուսաստանի ուժեղագույնների լիգայի ուղեգիր:
Վերջերս Գրիգորյանը մոտ էր Հայաստանի հավաքականը գլխավորելուն, սակայն վերջին պահին ազգային թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Աբրահամ Խաշմանյանը: