ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունը շարունակվում է։ Պայքարի մեջ մտան Ա լիգայի 1-ին խմբի թիմերը։
Պորտուգալիայի հավաքականը սեփական դաշտում ընդունել էր Խորվաթիայի ընտրանուն։ Չնայած Կրիշտիանու Ռոնալդուի բացակայությանը՝ պորտուգալացիները կարողացան վստահ հաղթանակի հասնել աշխարհի փոխչեմպիոնների դեմ խաղում։
Խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացեց Ժոաու Կանսելուն։ Երկրորդ կեսի մեկնարկում Դիոգու Ժոտան կրկնապատկեց Ֆերնանդու Սանտուշի գլխավորած թիմի առավելությունը։ 70-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Ժոաու Ֆելիշը՝ 3-0։ Մրցավարի ավելացրած ժամանակում հյուրերը կարողացան մեկ գնդակ հետ բերել։ Աչքի ընկավ Բրունո Պետկովիչը։ Սակայն սա ևս վերջը չէր։ Մրցավարի ավելացրած ժամանակի 5-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Անդրե Սիլվան՝ 4-1։
Խմբի մյուս խաղում միմյանց դեմ մրցեցին Շվեդիան ու Ֆրանսիան։ Աշխարհի չեմպիոնները կարողացան նվազագույն հաշվով առավելության հասնել։ Հանդիպման միակ գնդակը 41-րդ րոպեին խփեց Կիլիան Մբապեն։
Այպիսով, մեկնարկային տուրից հետո Ա լիգայի 1-ին խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում են Պորտուգալիան ու Ֆրանսիան։ Հաջորդ տուրում Ֆրանսիան ընդունելու է Խորվաթիային, իսկ Շվեդիան՝ Պորտուգալիային։