Ուեյն Ռունին սեպտեմբերին Soccer Aid-ի բարեգործական խաղում կլինի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: Խաղը կկայանա «Մանչեսթեր Յունայթեդի» «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում:
Անգլիայի հավաքականի ու ՄՅՈՒ-ի պատմության լավագույն ռմբարկուին կօգնի Սեմ Ալլարդայսը: Բիգ Սեմը 2016-ի ամռանը մեկ խաղ անցկացրել է ազգային հավաքականի ղեկին, բայց սկանդալից հետո ստիպված էր լքել իր պաշտոնը: Մյուս օգնականը կլինի հավաքականի նախկին դարպասապահ Դևիդ Սիմենը:
Աշխարհի հավաքականի կազմում այդ խաղին կմասնակցեն այնպիսի աստղեր, ինչպիսիք են Սևիդ Ջեյմսը, Յայա Տուրեն, Ռոբբի Քինը, Ուես Բրաունը և այլք:
Ուեյն Ռունին մտադիր է մարզիչ դառնալ: Հիմա նա աշխատում է ՈՒԵՖԱ-ի Պրո արտոնագիր ստանալու ուղղությամբ, ինչպես նաև խաղացող մարզչի կարգավիճակում հանդես է գալիս «Դերբի Քաունթիում»: