Այսօր «Բարսելոնայի» և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի ծննդյան օրն է։ «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրը ծնվել է 1987 թվականի հունիսի 24-ին Արգենտինայի Ռոսարիո քաղաքում։
Արգենտինացի հանճարին ծննդյան 33-ամյակի կապակցությամբ գեղեցիկ շնորհավորական նամակ է գրել Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերը։ Վերջինս խորհուրդ է տվել ֆուտբոլասերներին վայելել Լեոյի խաղը, քանի դեռ կարող են։
«Շնորհավո՜ր 33-րդ տարեդարձդ, Լիոնել Մեսսի՛։ Նա մոտենում է իր ապշեցուցիչ կարիերայի մթնշաղին։ 722 խաղ ու 699 գոլ մի ֆուտբոլիստի համար, որը ստեղծարար է ու միևնույն ժամանակ եսասեր չէ մյուսների համար։ Գրոհի եզրափակիչ փուլում Մեսսին թե՛ արդյունավետ է, թե՛ «մահաբեր»։
Մենք կարոտելու ենք նրան, երբ նա հեռանա ֆուտբոլից։ Վայելե՛ք նրան, քանի դեռ կարող եք»,-գրել է Լինեկերը Twitter-ի իր միկրոբլոգում։
Լիոնել Մեսսին վեց անգամ ճանաչվել է ՖԻՖԱ-ի վարկածով Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումը (2009, 2010, 2011, 2012, 2015, 2019), վեց անգամ նվաճել է France Football-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը՝ «Ոսկե գնդակը» (2009․ 2010, 2011, 2012, 2015, 2019)։ Այս երկու ցուցանիշներով էլ Մեսսին բացարձակ ռեկորդակիր է։
Մեսսին «Բարսելոնայի» հետ 10 անգամ հաղթել է Լա լիգայում, 4 անգամ՝ Չեմպիոնների լիգայում, 6 անգամ Իսպանիայի գավաթում, 3 անգամ Աշխարհի ակումբային առաջնությունում, 8 անգամ Իսպանիայի սուպերգավաթում և 3 անգամ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում։
Մեսսիի կարիերայի գլխավոր մարզիչների մեկը՝ Պեպ Գվարդիոլան ասում է Մեսսիի մասին հետևյալը․
«Մի՛ գրեք նրա մասին, մի՛ փորձեք նկարագրել նրան։ Ուղղակի նայե՛ք նրան»։
Ծնունդդ շնորհավո՜ր, Լիոնել Մեսսի՛։