Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանին այսօր վերջին հրաժեշտը տվեցին Երևանում։
Նախ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ապա Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մարզասերները հնարավորություն ունեցան հրաժեշտ տալու լեգենդար մարզիկին։ Նրա աճյունն ամփոփվեց Կոմիտասի անվան պանթեոնում։
Տեսանյութը՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի։
Հիշեցնենք՝ Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականի փետրվարի 11-ին Գանձակում՝ արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։
Մասնակցել է մրցումների աշխարհի 49 երկրում, նվաճել է 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ։ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։
Ալբերտ Ազարյանը Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահն էր: Վախճանվել է 2023 թվականի սեպտեմբերի 5-ին՝ 94 տարեկանում: