Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ապագան կախված չէ Լա Լիգայի այսօրվա խաղից: «Բարսելոնան», հիշեցնենք, ուղիղ կեսգիշերին կհյուրընկալվի «Կադիսի» կողմից.
«Կումանի ապագան կախված չէ այսօրվա խաղի արդյունքից: Մենք մարզչի հետ ենք, նա է գլխավորը թիմում: Մենք ցանկանում ենք, որ ամեն ինչ լավ լինի»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում ESPN -ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե թիմը դրական արդյունքի չհասնի սեպտեմբերին կայանալիք «Գրանադայի», «Կադիսի» և «Լևանտեի» հետ Իսպանիայի առաջնության խաղերում, ինչպես նաև «Բենֆիկայի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում, ապա Ժոան Լապորտան պաշտոնանկ կանի Ռոնալդ Կումանին:
Անցած ամիս կապտանռնագույնների նախագահը կասկածում էր Կումանի հետ համագործակցությունը շարունակելու նպատակահարմարությանը: Նիդերլանդցի մասնագետի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: