«Մակլարենի» ավտոարշավորդ Կառլոս Սայնսը հայտարարել է, որ «Ֆերարիի» հետ պայմանագրում ոչինչ ասված է թիմում երկրորդ արշավորդ լինելու դերի մասին։ Սայնսը հայտարարել է, որ պատրաստ է հավասարը հավասարին պայքարել Շարլ Լեկլերի հետ։
«Ես չեմ ստորագրել ոչինչ, որտեղ գրված լինի երկրորդ դերի ավտոարշավորդի մասին։ Իմ բոլոր պայմանագրերում գրված է, որ թիմը ավելին է ավտոարշավորդից։ Պայմանագրում ոչինչ չկա երկրորդ արշավորդ լինելու մասին, կամ որ ես պետք է ինչ-որ մեկին աջակցեմ։
Ես միայն գիտեմ, որ հանուն «Ֆերարիի» ամբողջությամբ նվիրվելու եմ թիմին ու փորձելու եմ հաղթել։ Ես հաճախ եմ շփվում մյուս ավտոարշավորդների հետ։ Հասկանում եմ, որ «Ֆերարիում» ճնշումը ավելի մեծ է լինելու, քան մյուս թիմերում»,-Սայնսի խոսքն է մեջբերում Planet F1-ը։
Հիշեցնենք, որ Կառլոս Սայնսը մյուս մրցաշրջանից միանալու է «Ֆերարիին»։ «Մակլարենի» շարքերը համալրելու է Դանիել Ռիկարդոն «Ռենոյից»։