Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան վճիռ է կայացրել Մադրիդի «Ատլետիկոյի» բողոքի հիման վրա հարուցված կարգապահական գործով, որը վերաբերում էր կատալոնական «Բարսելոնայի» կողմից հարձակվող Խուլիան Ալվարեսին թիմ հրավիրելու փորձերին։
Ամռանը «կապտանռնագույնները» փորձել էին պայմանագիր կնքել արգենտինացու հետ, սակայն մադրիդյան ակումբը հրաժարվել էր բաց թողնել իր ֆուտբոլիստին։ Ավելին, «Ատլետիկոն» պաշտոնական բողոք էր ներկայացրել՝ նշելով, որ կատալոնացիներն առանց իրենց թույլտվության են բանակցություններ վարել խաղացողի հետ։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, մրցաշարի կանոնակարգը նման խախտման համար նախատեսում էր բավականին խիստ պատիժ՝ մինչև երկու ամսով որակազրկում, առնվազն երկու խաղով հեռացում կամ մարզադաշտի որակազրկում մեկ հանդիպմամբ։ Սակայն ֆեդերացիան, ըստ The Touchline-ի և իսպանական պարբերականի, սահմանափակվել է նվազագույն պատժաչափով՝ «Բարսելոնային» տուգանելով ընդամենը 602 եվրոյով։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Ատլետիկոյի» բողոքը «Բարսելոնայի» դեմ ավարտվում է նման չնչին պատժով։ Դեռևս 2019 թվականին մադրիդցիները բողոքարկել էին Անտուան Գրիզմանի տրանսֆերը, և այն ժամանակ կատալոնական ակումբը տուգանվել էր ավելի փոքր գումարով՝ 300 եվրոյով։
Հավելենք, որ օրեր առաջ Խուլիան Ալվարեսը ներողություն էր խնդրել «Ատլետիկոյի» երկրպագուներից։ Ներկայումս մադրիդյան թիմը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով երկու միավորով։

























































