«Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Ոսկե գնդակին»՝ ճանաչվելով տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Մրցանակը ստանալուց հետո Քեյնը շնորհակալություն է հայտնել France Football ամսագրին, իր օգտին քվեարկածներին, «Բավարիայի» ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին և ակումբի ղեկավարությանը։ Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել նաև Անգլիայի հավաքականի իր թիմակիցներին՝ նշելով, որ անցած տարին յուրահատուկ էր, թեև առանց դժվարությունների չի անցել։
Ֆուտբոլիստը նշել է, որ մարզումների ընթացքում թիմակիցների միջև ամենօրյա մրցակցությունն օգնել է իրեն զարգանալ։ Քեյնը շնորհակալություն է հայտնել նաև այն մասնագետներին, որոնց հետ աշխատել է կարիերայի ընթացքում՝ ընդգծելով, որ լավ մարզիչներն ու շրջապատող մարդիկ կարևոր դեր են ունեցել իր առաջընթացում։
Քեյնի ելույթի առանձին հատվածը նվիրված էր ընտանիքին։ Նա շնորհակալություն է հայտնել ծնողներին՝ տարիներ շարունակ իրեն աջակցելու և ֆուտբոլային ճանապարհին օգնելու համար։ Հարձակվողը նշել է նաև եղբոր՝ Չարլիի աջակցությունը և առանձնահատուկ խոսքեր է ուղղել կնոջն ու երեխաներին։
«Ես ապրում եմ իմ երազանքով։ Ինձ համար մեծ արտոնություն է խաղալ ձեզ համար», — ասել է Քեյնը՝ դիմելով երկրպագուներին։
Ելույթի վերջում անգլիացի ֆուտբոլիստը խոսել է իր անցած ճանապարհի մասին՝ նշելով, որ պետք է հավատալ սեփական ուժերին։ Նա հույս է հայտնել, որ իր կարիերան կարող է օրինակ դառնալ մյուսների համար։
Քեյնը դարձավ առաջին անգլիացին, որը արժանանացավ այս մրցանակին 2001 թվականից ի վեր, երբ այն ստացել էր Մայքլ Օուենը։
























































