Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցերի իր էջերում հատուկ հրապարակումով անդրադարձել է թիմի փորձառու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ ընդգծելով, որ 37 տարեկանում հայ ֆուտբոլիստը դեռևս պահպանում է խաղային բարձր մակարդակն ու շարունակում է որոշիչ դեր խաղալ «ներաձուրիների» հաղթանակներում։
«Մխիթարյանի ելույթնե՞րը։ Դրանք ծնվել են այս ամառվա քրտնաջան աշխատանքի շնորհիվ»,- հայ ֆուտբոլիստի մասնակցությամբ մարզումային տեսանյութին կից գրել է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ տոնած ծանր հաղթանակից (1-0) հետո Մխիթարյանն արժանացել էր թիմակիցների առանձնահատուկ գովեստին։
«Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան հայ կիսապաշտպանին համեմատել էր գինու հետ՝ նշելով, որ նա տարիքի հետ միայն կատարելագործվում է, իսկ հանդիպման միակ գոլի հեղինակ Կառլոս Աուգուստոն ընդգծել էր, որ Մխիթարյանի փոխանցումն պարզապես հանճարեղ էր։
Բացի այդ, ուկրաինական ակումբի դեմ հանդիպումը հոբելյանական էր Մխիթարյանի համար. նա ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերում անցկացրած խաղերի քանակը հասցրեց 164-ի՝ հավասարվելով Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսին և կիսելով 13-րդ հորիզոնականը պատմական ցուցակում։




























































