«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն ապագայում գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին փոխարինելու համար դիտարկում է թիմի լեգենդ Սերխիո Բուսկետսի թեկնածությունը։
«Բարսելոնան» լիովին գոհ է Հանս-Դիտեր Ֆլիկի աշխատանքից, սակայն թոփ ակումբները միշտ մտածում են տարիներ առաջ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ «կապտանռնագույններն» արդեն մտածում են այն մասին, թե ով կարող է փոխարինել գերմանացի մասնագետին նրա հեռանալուց հետո։ Կատալոնացիների ղեկին նշանակվելու հավանական թեկնածուների թվում վաղուց շրջանառվում են Սեսկ Ֆաբրեգասի և Լուիս Էնրիկեի անունները:
Սակայն, ինչպես հաղորդում է El Nacional-ը, «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն ևս մեկ թեկնածու է առանձնացրել։ Նա մեծ մարզչի ներուժ է տեսնում Սերխիո Բուսկետսի մեջ, որն ամռանը դարձել է «Բարսելոնայի» երկրորդ թիմի գլխավոր մարզչի օգնականը։
«Դեկուի համար ակումբի համակարգի ներսում Բուսկետսի մասնագիտական աճին հետևելու հնարավորությունը զգալի առավելություն է։ Նա կարող է գնահատել, թե ինչպես է աշխատում Բուսկետսը, ինչպես է կառուցում հաղորդակցությունը և ինչպիսի արձագանք է ստանում ֆուտբոլիստների կողմից»,- նշվում է հրապարակման մեջ։
Որպես հավանական ժամկետ, երբ «Բարսելոնան» պատրաստ կլինի դիտարկել Բուսկետսին առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հնարավորությունը, նշվում է 2029 թվականը։ Ամեն ինչ, սակայն, կախված կլինի նրանից, թե ինչպես կդրսևորի իրեն Սերխիոն երիտասարդների հետ աշխատանքում։
























































