Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ընտրանին շարունակում է համալրել մեդալային պաշարը։
Մրցումային հերթական օրը Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կարապետյանը, հանդես գալով Մ-23 տարիքային խմբի 75 կգ քաշային կարգում, հռչակվել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
Պոկում վարժությունում հայ ծանրորդը գերազանց ելույթ է ունեցել. հաջորդաբար գլխավերևում պահելով 145 կգ և 148 կգ կշռող ծանրաձողերը՝ Կարապետյանը նվաճել է վարժության փոքր ոսկե մեդալը։ Հրում վարժությունում մեր մարզիկը գրանցել է 175 կգ արդյունք, ինչը նրան պարգևել է փոքր արծաթե մեդալ։
Երկամարտի 323 կգ (148+175) արդյունքով Տիգրան Կարապետյանը կանգնել է պատվո հարթակի երկրորդ աստիճանին՝ դառնալով մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։


























































