Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի առաջին տուրի՝ «Ֆեյենորդի» դեմ տնային խաղից առաջ խոսել է թիմի նպատակների, Լամին Յամալի նոր կարգավիճակի և անգլիացի նորեկ Էնթոնի Գորդոնի մասին։
«Կարծում եմ՝ բոլոր մեծ ակումբներն են երազում Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին։ Դա ամենախոշոր մրցաշարն է, բայց մենք պետք է ապացուցենք, որ ի զորու ենք հաղթել այնտեղ. հենց դա էլ ցանկանում ենք անել։ «Բարսելոնան» ունի դրա համար անհրաժեշտ վարպետություն, սակայն առջևում երկար ճանապարհ է։
Մենք շատ փորձառու ֆուտբոլիստներ ունենք, և յուրաքանչյուրն ունի ամեն օր առավելագույնը ներդնելու պարտականություն, իսկ նրանց գլխավոր պարտականությունը միշտ հաղթելն է։ Մեր իրական մակարդակն այն է, ինչ տեսնում ենք մարզումների ժամանակ, ինչն էլ օգնում է մեզ խաղադաշտում ցուցադրել մեր ֆուտբոլը։ Պետք է այդ մոտեցումը պահպանենք յուրաքանչյուր խաղում. չափազանց կարևոր է պայքարել միասին։
Լամին Յամալը կարող է միայնակ վճռել հանդիպումների ելքը։ Նա հաճույք է ստանում օրեցօր կատարելագործվելուց, և դա ակնհայտ է ամեն օր։ Նա վայելում է ֆուտբոլը, վայելում է ինքն իրեն՝ այդ թվում ավագի իր նոր դերում։ Երբ նա անում է դա, ցուցադրում է իր լավագույն որակները. նրա համար շատ կարևոր է դուրս գալ բարձրագույն մակարդակի։
Ինչ վերաբերում է Էնթոնի Գորդոնին, ապա նա՝ որպես հարձակվողական ոճի խաղացող, կարողանում է պահեր ստեղծել և կատարել վճռորոշ, գոլային փոխանցումներ։ Նա դեռ կխփի իր գոլերը, դրա համար բնավ չեմ անհանգստանում։ Գորդոնը հիանալի է աշխատում, ես շատ գոհ եմ նրա գործողություններից թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում։ Նա լավ մարզավիճակում է»,- հավելել է Ֆլիկը։
«Բարսելոնա» — «Ֆեյենորդ» հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։45-ին։
























































