Հայաստանը ներկայացնող պատանի ծանրորդներն ավարտեցին իրենց ելույթները Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ-15 տարեկանների առաջնությունում: Մրցաշարի վերջին օրը մրցահարթակ դուրս եկան գերծանր քաշային ծանրորդները:
Հայաստանի հավաքականից +95 կգ քաշային Էրիկ Սիմոնյանը պոկում վարժությունում հաջողությամբ գլխավերևում պահեց 140 կգ և 145 կգ ծանրաձողերը։ Հրում վարժությունում հայ ծանրորդը գրանցեց անթերի արդյունք՝ հաջորդաբար բարձրացնելով 172 կգ, 177 կգ և 182 կգ, ինչի շնորհիվ այս ձևում արժանացավ փոքր բրոնզե մեդալի: Երկամարտի 327 կգ ընդհանուր արդյունքով Սիմոնյանն առաջնությունում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ մրցումային վերջին օրն ավելի վաղ փայլուն ելույթ էին ունեցել նաև 95 կգ քաշային մեր ծանրորդները։ Ալեն Խաչատրյանը երկամարտի 313 կգ արդյունքով հռչակվել էր արծաթե մեդալակիր, իսկ Ալեն Զուրաբյանը երկամարտի 307 կգ արդյունքով նվաճել էր բրոնզե մեդալ։

























































