Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչի՝ Իսպանիայի դեմ սպասվող հանդիպումից առաջ կտրուկ է արձագանքել ազգային թիմում կարիերան ավարտելու վերաբերյալ լրագրողների հարցին։
Անվանի հարձակվողը նշել է, որ ինքը միշտ հոգով ու մարմնով նվիրված է իր երկրի գլխավոր թիմին և շեշտել է, որ հեռանալու որոշումը բացառապես իրենն է լինելու։
«Այդպես եղել է այն օրվանից, երբ ես 18 տարեկանում միացա հավաքականին, և դա երբեք չի փոխվի։ Ես միշտ այստեղ եմ՝ հոգով և մարմնով։ Անկախ նրանից՝ խաղում եմ, թե ոչ, ես միշտ իմ կարևոր դերը կունենամ։ Ես հեռանալու եմ այն ժամանակ, երբ ինքս ցանկանամ, ինչպես արդեն ասել էի մի քանի տարի առաջ։ Այլ ոչ թե այն ժամանակ, երբ դուք եք դա ուզում:
Անմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը։ Հուսով եմ՝ վաղվա խաղով ելույթներս չեն ավարտվի, և դուք առիթ կունենաք ինձ ևս մի փոքր տանջելու»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում իսպանական հեղինակավոր AS պարբերականը։
Պորտուգալացին նաև հավելել է, որ նույն թեմային անընդհատ անդրադառնալն արդարացված չէ․ «Կարծում եմ՝ նույն հարցը շարունակ տալը պարզապես ժամանակի կորուստ է։ Չեմ ցանկանում սևեռել ուշադրությունն այս թեմայի վրա. հիմա ամենակարևորը վաղը լավ ֆուտբոլ ցուցադրելն ու հաջորդ փուլ դուրս գալուն հավատալն է»։
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունը, որը համատեղ անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, կտևի մինչև հուլիսի 19-ը։
























































