Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի»: Այս մասին հայտնում է «Mash на спорте» տելեգրամյան ալիքը։
Հայ կիսապաշտպանին առաջարկվել է երեք տարվա պայմանագիր՝ մրցաշրջանում մոտ 10 միլիոն եվրո աշխատավարձով և լրացուցիչ բոնուսներով։ Ակումբների միջև բանակցություններն այժմ գտնվում են վճռորոշ փուլում։ «Կրասնոդարի» ավագին գոհացրել են ինչպես ֆինանսական պայմանները, այնպես էլ սաուդյան ակումբի չեմպիոնակամ հավակնությունները։ Սակայն «ցուլերի» ղեկավարությունը չի ցանկանում բաց թողնել իր առաջատարին, որի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2029 թվականի հունիսի 30-ին։
Նշվում է, որ Սպերցյանը ցանկանում է անձամբ հանդիպել «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկու հետ՝ քննարկելու իր հետագա ճակատագիրն ու ապագան։
Ավարտված մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ «Ալ-Ահլիի» կազմում հանդես են գալիս այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են դարպասապահ Էդուարդ Մենդին, պաշտպան Մերիհ Դեմիրալը, կիսապաշտպաններ Ֆրանկ Կեսիեն և Ռիյադ Մահրեզը, ինչպես նաև հարձակվող Այվան Թոունին։
























































