Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կիսվել է իր սպասելիքներով Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչի վերաբերյալ՝ նշելով, թե ինչու է ցանկանում, որ ՊՍԺ-ն նվաճի բաղձալի գավաթը։
Հիշեցնենք, որ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 30-ին Բուդապեշտում, որտեղ փարիզյան ակումբի մրցակիցը կլինի Լոնդոնի «Արսենալը»։
Իսպանացի ֆուտբոլիստը պարզաբանել է իր ընտրությունը՝ այն կապելով ՊՍԺ-ում հանդես եկող իր նախկին թիմակիցների և հայրենակիցների հետ.
«Դեմբելեն ինձ համար եղբոր պես է, ես անընդհատ դա ասում եմ: Մենք շատ ենք շփվում, նա իմ մտերիմ ընկերն է: Այժմ նա հիանալի մարզավիճակում է, և հուսով եմ, որ նրան կրկին կհաջողվի հաղթել Չեմպիոնների լիգայում: Բացի այդ, ես շատ ուրախ կլինեմ Լուիս Էնրիկեի և Ֆաբիան Ռուիսի համար: ՊՍԺ-ի կազմում շատ իսպանացիներ կան, բայց ես առանձնահատուկ երկրպագում եմ Ուսմանին: Ինձ համար չափազանց բարդ էր համակերպվել «Բարսայից» նրա հեռանալու փաստի հետ, բայց ուրախ եմ, որ հիմա նրա մոտ ամեն ինչ լավ է»,- Գավիի խոսքերն է մեջբերում իսպանական Mundo Deportivo պարբերականը։
Նշենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում իր ելույթներն ավարտել է քառորդ եզրափակիչ փուլում՝ երկու խաղերի արդյունքում 2-3 հաշվով զիջելով Մադրիդի «Ատլետիկոյին»։


























































