UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկներից Արման Ծառուկյանն արձագանքել է ամերիկացի Քոլբի Քովինգթոնի խոսքերին: Ավելի վաղ ԱՄՆ-ն ներկայացնող մարզիկը պնդել էր, թե մարզասրահում համատեղ մարզումների ժամանակ ծեծի է ենթարկել Արմանին:
Ի պատասխան այս պնդումների՝ Ծառուկյանը սոցիալական ցանցերի իր էջերում հանդես է եկել հակիրճ, բայց հստակ հերքումով.
«Ես նրա հետ երբևէ չեմ մարզվել»,- գրել է հայ մարտիկը՝ վերջ դնելով շրջանառվող ասեկոսեներին:
Հիշեցնենք, որ իր վերջին մենամարտը Ծառուկյանն անցկացրել է նախորդ տարվա նոյեմբերին կայացած UFC մրցաշարում՝ ուժերը չափելով նորզելանդացի Դեն Հուկերի հետ։ Այդ դիմակայության երկրորդ ռաունդում Արմանը ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ տոնեց:
Ներկայումս նա Դանա Ուայթի ղեկավարած պրոմոուշենում ընթանում է 5 անընդմեջ հաղթանակների շարքով: Խառը մենամարտերում (MMA) իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ծառուկյանն ընդհանուր առմամբ տարել է 23 հաղթանակ և կրել է ընդամենը 3 պարտություն:




























































