Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան փոխարինվել էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ անգլիական «Նյուքասլի» դեմ պատասխան հանդիպման առաջին խաղակեսում։
25-ամյա ֆուտբոլիստը լքել էր խաղադաշտը արդեն 22-րդ րոպեին. նրան փոխարինել էր Ռոնալդ Արաուխոն։ Ինչպես հաղորդում է Jijantes-ը, Գարսիայի մոտ մկանային պատռվածք չկա. մարզչական շտաբը նրան փոխարինել է զուտ որպես նախազգուշական միջոց։ Սպասվում է, որ իսպանացի պաշտպանը շարք կվերադառնա հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարից հետո։
Հիշեցնենք, որ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 7-2 հաշվով ջախջախել էր «Նյուքասլին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։
Առջևում խիտ գրաֆիկ է. Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը նախ մարտի 22-ին Լա լիգայի 29-րդ տուրի շրջանակում կընդունի «Ռայո Վալյեկանոյին»։ Միջազգային դադարից հետո՝ ապրիլի 4-ին, «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում կմրցի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, իսկ արդեն ապրիլի 8-ին և 14-ին թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վճռորոշ խաղերում։



























































