«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում անգլիական «Նյուքասլի» հետ գրանցված ոչ-ոքին (1:1):
«Ուրախ եմ, որ կարողացանք գոլ խփել և հավասարեցնել հաշիվը: Այսօր մեզնից փայլուն խաղ չտեսան, սակայն մեր թիմը երիտասարդ է։ Մենք պետք է կատարելագործվենք, մեր ներուժը հսկայական է: Պարտավոր ենք ամեն ինչ շտկել և հաստատապես կանենք դա:
Այստեղ գալով՝ գիտեինք, թե ինչ է մեզ սպասվում: «Նյուքասլը» հատկապես վտանգավոր է հակագրոհների ժամանակ: Մենք կարող էինք ավելի լավ վերահսկել գնդակը, ինչն ինչ-որ չափով նպաստեց մրցակցի խաղին։ Գիտենք, որ ի զորու ենք ավելի լավ հանդես գալ, բայց դեռ զարգացման փուլում ենք»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հավելենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ մարտի 18-ին, Բարսելոնայում՝ «Կամպ Նոու» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին:


























































