Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին գնահատել է թիմի հնարավորությունները Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։
«Զինագործները» փայլուն արդյունք են գրանցել մրցաշարի լիգայի փուլում՝ հաղթելով բոլոր հանդիպումներում և զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Թե ում հետ կմրցի լոնդոնյան ակումբը 1/8 եզրափակիչում, պարզ կդառնա ավելի ուշ։
Arsenal News Channel-ի հաղորդմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստը հորդորել է չթերագնահատել իր հայրենակիցներին.
«Գլխավորը հաղթանակն է։ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելը հիանալի է, սակայն դեռ պետք է տեսնել, թե ով կդառնա մրցաշարի հաղթողը։ Երբեք պետք չէ հաշվից հանել իսպանական թիմերին. նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» հասավ մինչև կիսաեզրափակիչ, «Ռեալը» մնում է «Ռեալ», իսկ «Ատլետիկոն» ևս համալրված է բարձրակարգ խաղացողներով։ Չեմպիոնների լիգան յուրահատուկ մրցաշար է, որտեղ ամեն ինչ հնարավոր է», — նշել է Սուբիմենդին։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումները կայանալու են մարտին։
























































