«Բարսելոնան» տեղեկություններ է հավաքում Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարրի Քեյնի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Իսպանական Sport.es-ի փոխանցմամբ՝ անգլիացին լավատեսորեն է տրամադրված Իսպանիա տեղափոխվելու հարցում։
Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում նշված 65 միլիոն եվրո հրաժարագնի կետը կգործարկվի 2026 թվականի ամռանը։ Կատալոնական ակումբը կարող է Քեյնին ձեռք բերել՝ 37-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինելու համար։ Ընդգծվում է, որ Անգլիայի հավաքականի ավագի «Բարսելոնա» հնարավոր տեղափոխությունը կախված կլինի ակումբի ֆինանսական վիճակից։
Բացի «կապտաննագույններից», Քեյնի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Տոտենհեմը», որը ցանկանում է վերադարձնել իր լեգենդին, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի ակումբները։
Քեյնը ընթացիկ մրցաշրջանում մյունխենյան գրանդի կազմում մասնակցել է 15 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով 22 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։



























































