Ֆրանսիացի մասնագետ Լորան Բլանը հեռացվել է «Ալ-Իթիհադի» գլխավոր մարզիչի պաշտոնից։ Սաուդյան Արաբիայի ակումբը խզել է 59-ամյա մարզչի պայմանագիրը երկրի առաջնությունում «Ալ-Նասրին» 0:2 հաշվով պարտվելուց հետո, հայտնում է Ջիդդայի թիմի մամուլի ծառայությունը։
Պարտությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին՝ Պրո-Լիգայի 4-րդ տուրում։ Սա «Ալ-Իթիհադի» առաջին պարտությունն էր ընթացիկ առաջնությունում։ Մինչ այդ Ջիդդայի ակումբը հաղթել էր լիգայի առաջին երեք խաղերում և հաջողությամբ մեկնարկել երկրի գավաթի խաղարկությունում։ Սակայն թիմը պարտություններ էր կրել Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում՝ «Ալ-Նասրից» (1:2), և Ասիայի Չեմպիոնների Լիգայում՝ «Ալ-Վահդայից» (Աբու Դաբի, 1:2)։
Բլանի հեռացումից հետո թիմի ղեկը ժամանակավորապես ստանձնել է նրա օգնական Հասան Խալիֆան, որը 2021 և 2023 թվականներին արդեն կատարել է ժամանակավոր գլխավոր մարզչի պարտականությունները «Ալ-Իթիհադում»։
Լորան Բլանը «Ալ-Իթիհադը» գլխավորել է 2024 թվականի հուլիսից։ Նրա ղեկավարությամբ թիմը հաղթել է Սաուդյան Արաբիայի առաջնությունն ու գավաթը 2024/25 մրցաշրջանում։ Բլանի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված էր մինչև 2026 թվականի ամառը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։




























































