Նեյմար Ժունիորը երկարաձգել է պայմանագիրը «Սանթոսի» հետ մինչև 2025 թվականը՝ հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ:
«Ես գնացի, վերադարձա և հիմա մնում եմ: Այստեղ է սկսվել ամեն ինչ, և այստեղ այն երբեք չի ավարտվի»,- ասել է Նեյմարը՝ ընդգծելով, որ «Սանթոսն» իր տունն է, արմատներն ու կյանքի անբաժան մասը:
Աշխարհահռչակ բրազիլացին արդեն կատարել է իր խոստումը՝ հունվարին վերադառնալով հայրենի ակումբ, իսկ այժմ որոշել է մնալ և շարունակել կարիերան այնտեղ: Նա անցկացրել է 243 հանդիպում՝ խփելով 141 գոլ և կատարելով 69 գոլային փոխանցում՝ դառնալով ակումբի լավագույն ռմբարկուն Պելեի դարաշրջանից հետո:
Ակումբի նախագահ Մարսելո Տեյշեյրան նոր պայմանագրի մասին ասել է. «Սա պատմական օր է «Սանթոսի» և բրազիլական ֆուտբոլի համար: Նեյմարի ներկայությունը կարևոր է մեր վերակառուցման ճանապարհին՝ ինչպես մարզադաշտում, այնպես էլ դրանից դուրս»:
Նեյմարի հայրը նշել է, որ վերամիավորումը ակումբի և նախագահի հետ մեծ նշանակություն ունի իրենց ընտանիքի համար, և այժմ իրենց հերթն է աջակցել «Սանթոսին»: