Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատարների խաղում «Ալ-Իթիհադ»-ը հյուրընկալել էր «Ալ-Հիլալին»: Պրո Լիգայի 21-րդ տուրի խաղը կայացել է Ջիդայի King Abdullah Sports City մարզադաշտում և ավարտվել է տանտերերի՝ 4։1 հաշվով կամային հաղթանակով։
Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացել է «Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Մարկոս Լեոնարդոն։ 29-րդ րոպեին «Ալ-Իթիհադի» պաշտպան Հասան Կադեշը վերականգնել է հաշվի հավասարությունը։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին հոլանդացի վինգեր Սթիվեն Բերգվեյնը առաջ է մղել «Ալ-Իթիհադին»: Բերգվեյնը 51-րդ րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեի փոխանցումից հետո դուբլի հեղինակ է դարձել: 72-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման հաշիվը դարձրել է խոշոր, սակայն գոլը չեղարկվել է։ 86-րդ րոպեին Բենզեման, ի վերջո, դարձել է գոլի հեղինակ և ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը՝ 4:1:
Նշենք՝ Բենզեման իր գոլերի թիվը հասցրել է 16-ի և բարձրացել է Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի ռմբարկուական մրցավազքի առաջին հորիզոնականը՝ գերազանցելով «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Պորտուգալացին նույնքան գոլ ունի, սակայն դրանցից վեցը խփել է 11-մետրանոցներից։
Հաղթանակը թույլ է տվել «Ալ-Իթիհադին» 55 միավորով ամրապնդել իր դիրքերը Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: «Ալ-Հիլալը» 48 միավորով մնացել է առաջնությունում երկրորդ տեղում։